Մոսկվայից Հայաստանին՝ դեռ պետք է ապացուցեք, որ դա ձեր տարածքն է

Հետաքրքիր

Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում պատմում էր, որ դիմել է ՀԱՊԿ-ին եւ Պուտինին, Հայաստանի հանդեպ պայմանագրային պարտավորությունների կատարման եւ ռազմական օգնության համար: Նա պատմել է նաեւ, թե ինչու նախորդ օրը Պուտինի հետ զրույցում օգնություն չի խնդրել. պարզվում է Հայաստանի տարածք ներխուժած թուրքերի հետ պայմանավորվածություն է եղել, որ պիտի հետ գնան, սակայն քանի որ հետ չեն գնացել, դիմել է Ռուսաստանին:

Դիմելը վատ չէ, գոնե այն առումով, որ արդեն բոլորի համար պարզ դառնան այդ պայմանագրային բազա կոչվածի դատարկությունը, «Սյունիքում ռուսների հետ անվտանգության նոր համակարգ կառուցելու», «Հայաստանի տարածքը ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարմարեցնելու» վերաբերյալ ցնդաբանությունները:

Երկիր պաշտպանել է պետք, պաշտպանելու վճռականություն ու կարողություն: ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից որեւէ օգնություն չի լինելու: Եթե լինի որեւէ գործողություն՝ լինելու է Հայաստանի դեմ ընթացքի մեջ գտնվող պլանի շրջանակում:

Երեւանում ու Բաքվում Լավրովի հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքվին դեպի տարածքային եւ հաղորդակցական նոր պահանջներ առաջնորդում է Մոսկվան, որը Բաքվին երաշխիքներ է տվել, որ հայերը ռազմական պատասխանի չեն դիմի: Հայաստանին զգուշացվել է, որ նման քայլերը դիտարկվելու են 2020-ի նոյեմբեր 9-ի հրադադարի խախտում: Նկատենք՝ նման վերջնագիր Բաքվին չի տրվել, ավելին, դատելով Պուտին-Ալիեւ նախիջեւանյան «երկխոսությունից», նման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Լավրովի եւ անմիջապես Կրեմլի հետ: Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարության հայտարարությունները «ուժ չկիրառելու եւ խաղաղ հանգուցալուծման» մասին դրա վկայությունն են:

Հայաստանի ուղղությամբ Կրեմլի նախագծողներն ասում են, որ դեռ պետք է ապացուցել, որ դա Հայաստանի տարածք է: Ահա եւ Ռուսաստանի չմիջամտելու պատճառաբանությունը: Մոսկվայի համար գլխավորը ռուս-թուրքական համաձայնությունները պահպանելն է, որպեսզի հնարավորինս ապահով լինի Կովկասից Ռուսաստանի անխուսափելի ետքաշումը, ընդ որում՝ առանց Հայաստանի պահպանման:

Բաքուն հենվելով այդ համաձայնությունների վրա, ստանձնել է իր դերակատարությունը եւ հնարավորություն ստացել զարգացնել զինված նախաձեռնությունները ոչ միայն Սյունիքում: Ընդ որում, Բաքվին հաջողվում է հասնել նաեւ «վիճելի տարածք» ձեւակերպմանը: Անդրկովկասում սահմանները որոշել է Մոսկվան, ընդ որում՝ հաճախակի փոփոխություններով ու վերաձեւումներով, եւ «ադրբեջանցիների մոտ ակնհայտ կեղծված քարտեզները» չեն կարող հիմնավորում լինել հայկական կողմի համար: Մոսկվան կարող է ցանկացած քարտեզ հանել՝ «դեռ պիտի ապացուցեք, որ սա ձեր տարածքն է»-ի շրջանակում:

Իսկ ո՞րն է Հայաստանի դերի ու անելիքի կառավարության պատկերացումը՝ եռակողմ հայտարարությանը հավատարիմ մնալուց բացի: Հայրենիքը «խաղաղ» հանձնե՞լը: Չկան սահմաններ, դրանք դեռ «գծվելու են»: Խնդիրը սակայն միայն դա չէ, ոչ էլ առկա օբյեկտիվ հանգամանքները, երբ Հայաստանի ձեռքերը կապված են եռակողմ հայտարարությամբ եւ Հայաստանի դեմ սաստկացող անկանոն պատերազմի մեթոդներով ու սպառնալիքներով: Խնդիրը հայկական իրար հաջորդած վարչակարգերի մտածողության ու համարժեքության, ավելի ճիշտ՝ դրանց այլասերվածության ու բացակայության մեջ է: Մինչ Բաքուն 1994-ից ի վեր իրագործում է իր ռազմավարությունը, հայկական ղեկավարությունն այս տարիներին զբաղված էր ու զբաղված է Հայաստանի տարածքը «անվտանգության գոտիների», «ԼՂԻՄ»-ի ու «միջազգայնորեն ճանաչված» հատվածների բաժանելով: Եվ հիմա բոլորը զարմանում ու վրդովվում են՝ ո՞նց, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանն են հատել:

Թվում էր՝ 1916-ի ու 2020-ի պատերազմները կդառնան գոնե դասեր քաղելու եւ քաղաքական փորձի ձեռքբերման առիթ: Դատելով ներքին «բանավեճերից», ոչ միայն փորձ ձեռք չի բերվել, այլեւ բացակայում է այն ձեռք բերելու ունակությունը, ցանկությունն անգամ: Փոխարենը, այդ «բանավեճը» դարձավ ռուս-թուրքական համաձայնությունների իրագործման անհրաժեշտ պայմանը՝ Հայաստանը ներսից քանդելու առումով:

Հայ ժողովուրդը տեսել ու հասկացել է ամեն ինչ ու բոլորին: Դիմադրությունն անխուսափելի է, դրա հնարավորությունները կան եւ շատանալու են: Որպես առաջին քայլ՝ 200-ամյա քարոզչական կաղապարներից ու առասպելներից ազատագրումն է, որն արդեն տեղի է ունեում, եւ ինքնապաշտպանության վճռականությունը:

Աղբյուր

Leave a Reply