«Ունեմ 1000 դրամանոց տոպ, ունեմ նաև թանկ հագուստներ»․ Լիանա Հակոբյանը՝ 26 կգ նիհարելուց հետո փոխված ոճի, ամենաթանկ ու ամենաէժան հագուստների և էմոցիոնալ գնումների մասին

Հետաքրքիր

Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքում Tert.am Life-ն այս անգամ անդրադարձել է դերասանուհի Լիանա Հակոբյանին։ Նրանից հետաքրքրվել ենք, թե ի՞նչ ոճի հագուստ է նախընտրում առօրյայում, ինչ գնային սանդղակում է գնումներ անում։

«Առօրյայում հագնում եմ տարբեր ոճերի հագուստ, ամեն ինչ կախված է նրանից, թե ուր եմ գնում և ինչ եմ անում։ Սիրում եմ տարբեր ոճերի հագուստներ միքսել, զգեստները համադրել սպորտային կոշիկների հետ։ Առօրյայում բարձրակրունկներ չեմ հագնում, միայն հատուկ առիթների ժամանակ, նախընտում եմ սպորտային կոշիկներ։ Ես շատ եմ քայլում, ինձ համար հարմարավետությունը շատ կարևոր է։ Ինչ-որ տեղ գնալուց մեկ օր առաջ արդեն մտածում եմ, թե ինչ հագնել։

Նույնիսկ երբ մեկ պահարան հագուստ ունես, մտածում ես՝ ի՞նչ հագնել։ Եղել է, երբ հագնելու ոչինչ չեմ գտել ու տվյալ տեղը չեմ գնացել։ Աղջիկները միշտ էլ հագուստի կարիք ունեն»,- ասաց նա։

Լիանայի խոսքով՝ երեկ տրամադրություն չի ունեցել, մայրիկի հետ գնումների է գնացել։

«Մի քանի կոսմետիկ միջոց գնեցինք, եկանք տուն, տրամադրությունս չէր բարձրանում։ Երեկոյան նոր լողազգեստ գնեցի ու հասկացա՝ ինձ հագուստներն են ուրախացնում։ Կարող եմ 3 օրը մեկ գնումների գնալ, տեսնել ինչ նոր հագուստներ կան, կարող եմ ոչինչ չգնել, ուղղակի շրջել ու ինձ լավ զգալ, հանգստանալ։ Հաճախ եմ գնումներ անում, կարող եմ ինչ-որ բան գնելու համար մի ամբողջ օր ծախսել։ Ամսական ինձ մոտ 100․000 դրամ է պետք, որպեսզի կարողանամ մի քանի բան գնել։ Բնականաբար խոսքը զգեստապահարանը լրիվ փոխելու մասին չէ, այլ մի քանի գնումի»,- նշեց նա։

Ըստ դերասանուհու՝ օնլայն գնումներ այնքան էլ չի սիրում, հիմնականում աքսեսուարներ է գնում։ «Վախենում եմ պատվիրել, քանի որ հնարավոր է՝ չափսը չհամապատասխանի, առավել ևս, իմ դեպքում, երբ չափսերս անընդհատ կարող են փոխվել։ Առհասարակ, աքսեսուարներ, հատկապես ակնոց շատ եմ սիրում։ Ինձ համար ակնոցն ուղղակի արևից պաշտպանվելու համար չէ, այլ ոճի մի մաս»,- ընդգծեց դերասանուհին։

Լիանան պատմեց, որ հիմա իր զգեստապահարանում շատացել են զգեստները, կիսաշրջազգեստները, շորտերը։

«Շատ տոպեր ունեմ, բայց շաբաթը մեկ թարմացնում եմ։ Տոպը կարող ես համադրել և՛ ջինսե տաբատների, և՛ շորտերի հետ։ Ունեմ տոպ, որը գնել եմ ընդամենը 1000 դրամով։ Կարծում եմ՝ հագուստի գինը կարևոր չէ, ունեմ թանկ հագուստներ, բայց չեմ վազում գնի հետևից։

Կարող ես երկուսից էլ գնել, եթե ունես ճաշակ և տեսողություն զգեստները համադրելու համար։ Ամենաթանկ հագուստս զգեստ է, որի գինը չեմ հիշում։ Հագել եմ մեկ անգամ, թևերի մեջ մոտ տասը տուփ բամբակ եմ դրել, որպեսզի ուռչած տեսք ունենան։ Մայրս ամեն անգամ այդ զգեստի մասին է հիշեցնում, որպեսզի գոնե երկրորդ անգամ հագնեմ»,- ասաց նա։

Դերասանուհին շեշտեց, որ բացի այդ զգեստը շատ իրեր ունի, որոնք մեկ անգամ է հագել։

«Դրանք էմոցիոնալ գնումներ են եղել։ Տեսել եմ, սիրահարվել, գնել` առանց մտածելու, թե որտեղ կհագնեմ։ Որոշել եմ այսուհետև մտածել՝ իմ ո՞ճն է, կհագնե՞մ տվյալ հագուստը, հետո գնել։ Վերջերս մեկը շատ էի հավանել, բայց չգնեցի, որովհետև իմ ոճը չէր»,- նշեց նա։

Լիանան նաև ընդգծեց, որ գունավոր, կոնքերի հատվածում կտրվածքով զգեստն այս տարի իր ամենասիրելի է։

«Այն ձեռք եմ բերել նիհարելուց հետո։ Երբ տեսա, հասկացա, որ ամբողջ ամառ հագնելու եմ։ Գնել եմ 30․000 դրամով։ Ունեմ նաև վարդագույն բլուզ, որը ևս շատ եմ սիրում, գնել եմ 20.000 դրամով, շատ ռոմանտիկ ոճի է»,- եզրափակեց նա։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *